Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գործողությունների սրում հանրահավաքից առա՞ջ

Գործողությունների սրում հանրահավաքից առա՞ջ
26.08.2008 | 00:00

Ո՞Վ ԵՎ Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ Է ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ
Այն, ինչ կատարվեց, տրամաբանորեն ոչ մի կերպ չի բխում իշխանության և հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի շահերից։ Ակնհայտ է, որ նման գործողությունները միայն կարող են ավելի սրել հասարակական դժգոհությունը իշխանության գործողություններից։ Ըստ այդմ, առավոտյան կատարվածի վերաբերյալ փորձեցինք ճշտել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների դիրքորոշումները։ ՀԺԿ քարտուղար ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտնեց հետևյալ կարծիքը. «Բնականաբար, ոստիկանությունն առանց բարձրագույն իշխանության թույլտվության նման քայլերի չի դիմում։ Այն, ինչ կատարվել և կատարվում է, մի անգամ ևս ապացույցն է այն իրողության, որ վարչախումբը վախենում է և գիտե, որ ամռան ավարտի հետ քաղաքական դաշտում սպասվում է նոր ակտիվացում։ Հանրությունը հարցադրումներ ունի ներկայացնելու այս իշխանություններին։ Հարցեր, որոնց պատասխանները մինչև այսօր չկան, և իշխանությունը փորձում է այդ հարցերի պարզաբանումը տալու փոխարեն վախեցնել ժողովրդին։ Սակայն մարտի 1-ը ցույց տվեց, որ ժողովուրդն այլևս ոչ ոքից չի վախենում»։
ՆԺԿ վարչության անդամ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ մեկնաբանությամբ` իշխանությունները կորցնում են վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ։ «Առավոտյան 10-ին տեղի ունեցածը երկու իրողության հետևանք կարող է լինել։ Կամ` սա ինչ-որ խմբի նախաձեռնություն է, ինչը նշանակում է, որ իշխանությունները կորցրել են իրավիճակի վերահսկողությունը։ Իսկ եթե, այնուհանդերձ, այս տրամաբանությունից զուրկ գործողություններն իրականացվում են իշխանության գիտությամբ և պատվերով, ապա քաղաքական առումով դա միայն իրենց է վնաս և չի կարող նպաստել ո՛չ Սերժ Սարգսյանի վարկանիշի ամրապնդմանը, ո՛չ էլ մեծացնելու է հասարակության հավատն իշխանության հռչակած բարեփոխումների նկատմամբ։ Նկատի ունենանք, որ սեպտեմբերի 5-ին նախատեսված է Համաժողովրդական շարժման հերթական հանրահավաքը, սեպտեմբերի 6-ին Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային խաղն է, և չի բացառվում օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիների ներկայությունը, իսկ սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցի քննարկումն է։ Այս ամենի խորապատկերի վրա իշխանությունների գործողություններն ուղղակի աբսուրդային են, որովհետև չեն կարող Հայաստանի համար դրական հեղինակություն ստեղծել դրսում և իշխանության համար՝ երկրի ներսում»,- նշեց Հ. Սարգսյանը։
ՀՀԿ խորհրդի անդամ և ԱԺ պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, սակայն, այն կարծիքին չէր, թե տեղի ունեցածը արտառոց և անօրինական գործողություն է։ Նրա գնահատմամբ. «Թեպետ ես մանրամասներին տեղյակ չեմ, բայց եթե ոստիկանությունը ձեռնարկել է որոշակի գործողություններ, ապա դրանք պետք է դիտարկվեն միայն իրավական հարթության մեջ։ Այսինքն, ամենայն հավանականությամբ, ոստիկանությունն ունեցել է այդ գործողությունների համար որոշակի հիմնավորումներ»։ ՀՅԴ խմբակցությունից պատգամավոր ԱՐՏՅՈՒՇ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ժամը 18-ին մոտ դեռևս տեղյակ չէր, թե ինչ է տեղի ունեցել առավոտյան 10-ին, և կատարվածը մեկնաբանելու առաջարկին հակադարձեց հետևյալ կերպ. «Ի՞նչ կարող եմ մեկնաբանել, երբ որևէ բանից տեղյակ չեմ։ Ես ամբողջ օրը նիստի եմ եղել, չգիտեմ ինչ է կատարվել, դրա համար էլ որևէ գնահատական տալ չեմ կարող»։ Իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ առավոտյան 10-ի դեպքերի վերաբերյալ ուներ իր սեփական, ինքնատիպ մեկնաբանությունը. «Որքան տեղյակ եմ, այդ «գործողությունը» իրականացրել են անհայտ անձինք, մեր երկրում միշտ այդպես է լինում։ Համենայն դեպս, մեր տվյալներով, ոստիկանությունն առավոտյան տեղի ունեցածի համար պատասխանատվություն չի ստանձնում։ Սա, իհարկե, հակաժողովրդավարական գործելակերպ է և միաժամանակ ցույց է տալիս իրավիճակը վերահսկելու՝ իշխանության անկարողությունը»։
Երեկոյան ժամը 7-ին մոտ լուրեր տարածվեցին, որ Հյուսիսային պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումը կրկնվել է։ Տեղում հաջողեցինք պարզել, որ առավոտյան դեպքերից հետո ցուցարարները վերադարձել են Հյուսիսային պողոտա՝ իրենց հետ բերելով նոր ցուցապաստառներ։ Երեկոյան կողմ կրկին այստեղ են հայտնվել Կենտրոնի ոստիկանները՝ այս անգամ համազգեստներով և կրկին խլել են ցուցապաստառները։ Տեղի ունեցած բախման ժամանակ տուժել էր երկու կին, սակայն ոստիկանությունը, «ավարը» հավաքելով, «հաղթանակած» հեռացել էր մարտադաշտից։
«Իշխանությունները կրկին փորձեցին ուժով չափել Հյուսիսային պողոտան։ Գործողությունների սրում է նկատվում հանրահավաքից առաջ։ Իշխանությունների կողմից այս քայլերն անիմաստ էին, անմիտ։ Այս ամենի թիկունքում, բնականաբար, կանգնած են իշխանությունները, իսկ ոստիկանները կուրորեն կատարում են նրանց հրամանները։ Ամեն ինչ վերևներից է գալիս»,- այսպես մեկնաբանեց երեկ Հյուսիսային պողոտայում կատարված միջադեպը Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Իսկ «Ազատություն» կուսակցության ղեկավար ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ էլ նշեց. «Իշխանությունը գնում է էսկալացիայի»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5296

Մեկնաբանություններ